Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն:

Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման Նամվար Մոթլաղը:

Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստագետներ:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու և համատեղ աշխատանքներ են իրականացնելու բարձրագույն կրթության զարգացման և միջազգայնացման ուղղությամբ` խթանելով ակադեմիական, մշակութային և գիտական համագործակցությունն ու փոխանակումը կրթության, հետազոտության բնագավառներում: Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր: