Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր:

Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Նախատեսվում է համատեղ կազմակերպել ուսանողների և աշակերտների գործնական դասընթացներ, համալսարանի ու դպրոցի պրոֆեսորադասախոսական և մանկավարժական կազմի, ուսանողների և աշակերտների լավագույն աշխատանքների ցուցահանդեսներ, դպրոցի մանկավարժները հնարավորություն կունենան իրենց հմտությունները բարելավելու համալսարանում անցկացվող սեմինարների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի ու վարպետության դասերի միջոցով, դպրոցում կանցկացվեն համալսարանական միջոցառումներ:

Դպրոցում գործող կերպարվեստի բաժնի սովորողները կմասնակցեն բուհում իրականացվող մասնագիտական միջոցառումներին, կծանոթանան համալսարանի պայմաններին և առկա հնարավորություններին:

«Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցն իր կրթական մակարդակով կարող է դառնալ բուհի հենարանը: Այս առումով վստահ ենք, որ ապագայում կունենանք որակյալ գիտելիքներով զինված ուսանողներ»,- ընդգծել է ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Դպրոցի տնօրեն Վահան Գալստյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: Նա վստահեցրել է, որ պաշտոնական արարողությունից հետո համագործակցությունը շոշափելի արդյունքներ կտա։