ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրականացրել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը։
Ապրիլի 30-ին մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին։ Ծրագիրը, որը ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ, նախատեսված է 8-12-րդ դասարանների աշակերտների համար։
Ապրիլ-հունիս ամիսներին անցկացվել է 18 հանդիպում Երևանում, 6-ը՝ մարզերում՝ Կոտայք, Լոռի, Արագածոտն, Վայոց ձոր, Տավուշ, Շիրակ։ Ընդհանուր առմամբ հանդիպումներին մասնակցել են 331 դպրոցի շուրջ 1900 սան։
Արվեստագետ-դպրոցականներ հանդիպմանը որպես բանախոս հանդես են եկել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Էլբակյանը (թեմա՝ «Թատրոնը՝ աշխարհի փոքր մոդել»), ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը (թեմա՝ «Արվեստագետի անցած ուղին»), լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ Տաթև Մնացականյանը (թեմա՝ «Իմ աչքը իմ ձեռքերում է»), թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը (թեմա՝ «Դրամատուրգի և ռեժիսորի համագործակցությունը»), կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին (թեմա՝ «Ավանդականից ժամանակակից երաժշտություն»), ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը (թեմա՝ «Ջազը որպես մտածելակերպ և երաժշտական լեզու»), ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը (թեմա՝ «Արտիստի կյանքը»), կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը (թեմա՝ «Կոմպոզիտոր»՝ նվիրված Էդվարդ Միրզոյանին), ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հակոբ Ազիզյանը (թեմա՝ «Դերասան-թատրոն փոխհարաբերություններ»), դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը (թեմա՝ «Թատերգությունը որպես համադրական արվեստի հենք»), ազգագրագետ, պարագետ Գագիկ Գինոսյանը (թեմա՝ «Երբ պարը աղոթք է դառնում»), դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը (թեմա՝ «Պարը ժամանակակից թատրոնում»), գրականագետ, գրականագիտության թեկնածու Սևակ Ղազարյանը (թեմա՝ «Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը»), երգչուհի Լուսինե Ազարյանը (թեմա՝ «Հին օրերի երգը»), ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Անահիտ Քոչարյանը (թեմա՝ «Իրականություն և թատրոն»), նկարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը (թեմա՝ «Հայազգի ծովանկարիչներ»), կինոգետ, թարգմանիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր Զավեն Բոյաջյանը (թեմա՝ «Անրի Վերնո»), ջազ երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը (թեմա՝ «Երաժշտությունը թատրոնում և կինոյում»)։
Հանդիպումների ժամանակ ցուցադրվել են հատուկ պատրաստված կարճամետրաժ տեսաֆիլմեր՝ ներկայացնելով հանդիպման բանախոս արվեստագետների ստեղծագործական գործունեությունը։
Այդ տեսաֆիլմերը շաբաթական կտրվածքով տեղադրվում են ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/arttoschool։
Հանդիպումների ամբողջական տեսագրությունները տեղադրվում են ծրագրի յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCNrk3j1hnxgMh5GymEJ98wA։
Նշենք, որ ծրագրի ֆեյսբուքյան էջում կազմակերպվում են վիկտորինաներ, որոնց հաղթողներն արժանանում են մրցանակների՝ թատրոնի տոմսեր, գրքեր, ձայնասկավառակներ և այլն։