Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։

«Փոքրիկ Օլիմպիկի» առաջնային նպատակը երեխայի՝ որպես կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորումն է: Ամառային դպրոցի կրթամարզական ծրագիրն ուղղված է մտքի, մարմնի և հոգու ներդաշնակ զարգացմանը: Ծրագիրը ներառում է ինչպես ակադեմիական առարկաներ, այնպես էլ մարզական միջոցառումներ, որոնք ուղղված են ինքնաճանաչման, ինքնակառավարման, կազմակերպչական, հաղորդակցման հմտությունների, տրամաբանական և վերլուծական մտածողության զարգացմանը, նախատեսված է օտար լեզուների ու սպորտային տուրիզմի ուսուցում:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ողջունելով ամառային դպրոցի առաջին սովորողներին, նշել է, որ նրանք նոր գույներ ու տրամադրություն են հաղորդել բուհին:

«Ծրագիրը կյանքի է կոչվել երկարատև, բայց միասնական ու համախմբված թիմային աշխատանքի արդյունքում: «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցի նախագիծը մեծ արժեք է ինչպես բուհի, այնպես էլ կրթության զարգացման համար։ Այսօրվա կիրթ ու բազմակողմանի զարգացած սերունդը մեր ապագան է, մեր երկրի հենասյունը»,- ասել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորը:

«Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցին առնչվող հարցերի դեպքում կարող եք գրել elen.abrahamyan@sportedu.am էլ. հասցեին կամ զանգահարել (010)-553-310 (ներքին՝ 305, 308) հեռախոսահամարով: