Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին:

«Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ, տարածաշրջանային մի շարք ծրագրեր:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ կրթական ծրագրում կլիմայի փոփոխության և բնապահպանական կրթության ուղղությամբ իրականացված համագործակցության հաջողված արդյունքները և դրանց արտացոլումը կրթական բարեփոխումներում:

Փոխնախարարի խոսքով` «Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակում ավելի քան 15 հազար դպրոցահասակ երեխա ծանոթացել է կլիմայի փոփոխության թեմաներին, որոնք առնչվում են աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներին, ներառում են նաև արտադպրոցական պարապմունքները և էկոլոգիական ակումբների գործունեությունը, խաղերն ու մրցույթները:

««Կլիմայի արկղիկ» ծրագրի գործիքակազմը թարգմանվել և տեղայնացվել է հանրակրթական ծրագրերում, որոնք տարբեր առաջադրանքների ձևաչափով ներառված են նոր մշակվող առարկայական ծրագրերում և չափորոշիչներում: Կարող ենք արձանագրել, որ դպրոցների և ուսուցիչների համար ձևավորված են կարևոր և օգտակար կրթական ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակներով: Կարևոր է, որ ծրագրի արդյունքում ուսումնական պաշարները համալրվել են հավելյալ նյութերով, մասնավորապես՝ «Էներգիայի արդյունավետություն» ձեռնարկով և «Ադապտացում կլիմայի փոփոխությանը» պաստառով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակված կրթական պաշարները` շուրջ 900 օրինակ, բաժանվել են Հայաստանի բոլոր շրջանների դպրոցներին: Վերապատրաստվել են մոտ 500 ուսուցիչներ` Climate Box ինտերակտիվ գործիքով ուսուցում իրականացնելու և կիրառելու նպատակով:

«Հատկապես ուզում եմ ընդգծել ինֆորմացիայի փոխանակման համար ստեղծված առցանց հարթակի կարևորությունը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը և այն խնդիրները, որոնց անցած տարի բախվեց Հայաստանը: Համավարակի պայմաններում, հատկապես առաջին փուլում, կրթությունը կազմակերպվում էր հեռավար և առցանց հարթակներն օգնում էին ավելի արդյունավետ դարձնել տարածաշրջանային նախագծերը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ավելացրել, որ բնապահպանական կրթության զարգացումն այժմ ընթացող կրթական բարեփոխումների նոր ուղղություններից է:

Նշենք, որ «Կլիմայական արկղիկ» ծրագրի առաջնահերթությունը երիտասարդների համախմբումն է կլիմայի և շրջակա միջավայրի փրկության գաղափարի շուրջ: Այդ համատեքստում կրթության խնդիրները, մասնավորապես բնապահպանական կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունեն:

Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի կողմից` Ռուսաստանի գործընկեր կառույցի աջակցությամբ: