«Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Թոմաս Բոբերը։

Աշխատանքային այցի ընթացքում պրոֆեսորը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների և ուսանողների հետ, դասախոսել «Էլեկտրոնային բիզնեսի պլանավորում» դասընթացի «Էլեկտրոնային առևտուր» թեմայով։

Հանդիպմանը Թոմաս Բոբերն անդրադարձել է ժամանակակից շուկայական հարաբերություններին, բիզնես-աշխարհում նորարարական մոտեցումների անհրաժեշտությանը, թվային մարքեթինգի զարգացման միտումներին և առցանց տիրույթում բիզնեսը ներկայացնելու առանձնահատկություններին։ «Ամբերդ» կենտրոնում պրոֆեսորը ծանոթացել է ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությանը, կատարվել է փորձի փոխանակում, ձեռք են բերվել միջբուհական համագործակցության ընդլայնմանն ուղղված պայմանավորվածություններ և քննարկվել են համատեղ աշխատանքի հեռանկարները։

Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակը, և Թոմաս Բոբերը խոստացել է իր գործընկերներին ուղղորդել ՀՊՏՀ՝ համատեղ հոդվածներ հեղինակելու նպատակով։ Կողմերը կարևորել են երկու երկրների տնտեսագիտական համալսարանների գործակցության ամրապնդումը և շարունակական համագործակցությունը: