Մասնավոր այցով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է այցելել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությունը:

Այցի մեկնարկին պատվիրակները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին: Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՊՄՀ ֆակուլտետների հնարավորություններին, այցելել Գեղարվեստի ֆակուլտետի ցուցասրահ-լսարան, մասնակցել նիստի, որին ներկա են եղել Գիտխորհրդի անդամներ և ուսանողներ:

Ժոլտ Շեմյենը 17-րդ դարում հիմնադրված Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի շրջանավարտ է, իսկ 5 տարի առաջ ՀՊՄՀ-ի և վերոնշյալ համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի գիտակրթական համագործակցությանն ու ակադեմիական փոխանակմանը:

2016 թվականին Պազմանի կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտության ամբիոն: Կարևորելով երկու բուհերի համագործակցությունն ու հայագիտության ամբիոնի նշանակությունը՝ Հունգարիայի փոխվարչապետը վստահեցրել է, որ առաջիկայում առավել մեծ թվով հայ ուսանողներ հնարավորություն կունենան կրթություն ստանալու Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Հայագիտության ամբիոնի վարիչ, հունգարացի հայագետ, դոկտոր Բալինտ Կովաչն էլ նկատել է՝ թեպետ ամբիոնը նորաստեղծ է, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում: Հունգարացի բազմաթիվ ուսանողներ այս տարիներին ստացել են հայագիտության գծով մասնագիտացում, իսկ ՀՊՄՀ-ի շուրջ երկու տասնյակ ուսանող տարբեր ծրագրերով ուսումնառություն է անցել Պազմանի կաթոլիկ համալսարանում, նույնքանն էլ մասնակցել է ամառային դպրոցների:

Հավելենք, որ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին և Հալածված քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի պետական քարտուղար Տրիստան Ազբեյին շնորհել է «Մանկավարժական համալսարան» մեդալ: