Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը և գրադարանի տնօրենի պաշտոնակատար, ամբիոնի դոցենտ Լիանա Սաֆարյանը հունիսի 7-18-ը Զալցբուրգի համալսարանի հրավերով եղել են Ավստրիայում:

Այցի նպատակն էր Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում քննարկել վերապատրաստման, ուսանողների և դասախոսների շարժունության ծրագրերի կազմման, գրադարանի հետ համագործակցության հնարավորությունները:

ԲՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցով՝ «Գերմաներենի դրվածքը Հայաստանում՝ ԲՊՀ-ում» թեմայով, մասնակցել ավստրիական գերմաներենի հետազոտության ծրագրի մասին զեկույցներին և քննարկումներին: Մի շարք հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսանողների կրեդիտային շարժունության շրջանակում 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում Զալցբուրգի համալսարանից 1-2 ուսանողի՝ ԲՊՀ-ի գերմաներենի ամբիոնում պրակտիկայի կազմակերպման և անցկացման, իսկ երկրորդ կիսամյակում՝ ԲՊՀ-ի գերմաներենի բաժնի 1-2 ուսանողի՝ Զալցբուրգի համալսարանում ուսումնառության կազմակերպման վերաբերյալ:

Բացի դրանից՝ նախատեսվում է գերմաներենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետների ներգրավում համագործակցության ծրագրերում ու երկու համալսարանների գրադարանների համագործակցության հնարավորությունների քննարկում: