ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:

Առաջին կանգառն Աբովյան քաղաքն էր. փոխնախարարը ծանոթացել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին, նոր ցուցադրության զարգացման հայեցակարգին և շենքային հնարավորություններին: Արա Խզմալյանը կարևորել է թանգարանի դերն ու նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման գործում և ընդգծել, որ թանգարանի վերաբացումից հետո առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը, կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը, համայնքի հետ կապերի զարգացմանը:

Նախարարի տեղակալը հաջորդիվ եղել է Հրազդան քաղաքի մշակութային կազմակերպություններում՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Հրազդանի պատկերասրահում: Ա. Խզմալյանը ծանոթացել է թանգարանային հավաքածուներին և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորություններին: Քննարկվել են քաղաքի մշակութային կյանքում վերոնշյալ թանգարանների դերի ընդլայնման և զարգացման հնարավոր ուղղությունները:

Այցը շարունակվել է Հրազդանի դրամատիկական թատրոնում, որտեղ Արա Խզմալյանը գործընկերների հետ քննարկել է կառույցի առկա ծրագրերն ու հիմնախնդիրները: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է համայնքներում մշակութային կյանքի որակի բարձրացումը և այդ համատեքստում տեղի մշակութային հաստատությունների դերի վերարժևորումը, և հետագա քայլերը միտված են լինելու համապատասխան միջավայրի ստեղծմանն ու մշակութային կյանքի աշխուժացմանը:

Աշխատանքային այցն ամփոփվել է Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում, որտեղ հանդիպում է կայացել «ԴԱՐ» հիմնադրամի և «Բնօրրան» ՀԿ-ի հիմնադիրների ու ղեկավար կազմի հետ: Ներկայացվել են պատմամշակութային ժառանգության ոլորտում վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները, միաժամանակ մասնավոր-պետություն համագործակցության ամրապնդման համատեքստում քննարկվել են փոխգործունեության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: