ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սեպտեմբերից մեկնարկելու է «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական նոր ծրագիրը:

Ծրագրի գլխավոր նպատակը դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ արհեստավարժ, բարձր կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստումն է:

ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը նշել է, որ մագիստրոսական նոր ծրագիրը ներդրվել է Համաշխարհային բանկի տրամադրած «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Նրա տեղեկացմամբ՝ դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած դեղերի որակի հետազոտման ու հսկման վերլուծական կենտրոնի ստեղծում և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման մագիստրոսական նոր ծրագրի ներդրում:

Ծրագրի առաջին բաղադրիչն արդեն իրագործվել է. շուտով կբացվի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով:

«Այս ուղղությամբ մագիստրոսական ծրագիրն առաջինն է Հայաստանում: Հիմնական առավելությունն այն է, որ ունենք հզոր, գերժամանակակից նյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն կտա իրականացնելու ցանկացած տեսակի դեղի, սննդային հավելումների և այլ պատրաստուկների որակական, քանակական անալիզ, որակի գնահատում ու մոնիթորինգ»,- ասել է Աշոտ Սաղյանը և հավելել, որ կրթական ծրագրում դասավանդելու են Ֆարմացիայի ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև դեղագործական ու վերլուծական առաջատար ընկերություններից հրավիրված մասնագետներ:

Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս Ֆարմացիայի ինստիտուտի և Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Լիկվոր»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն իրագործվելու է մագիստրոսական այս ծրագրի շրջանակում: Աշոտ Սաղյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստ է փոխհատուցել 3-4 ուսանողի ուսման վարձավճարները և հետագայում ընդունել աշխատանքի: Բացի դրանից՝ ընկերությունը պատրաստ է ներդնել դրամաշնորհային գիտական ծրագիր, ինչը հնարավորություն կտա լավագույն մագիստրոսներին հետագայում այս ուղղությամբ շարունակել իրենց հետբուհական կրթությունը:

Նմանօրինակ նախաձեռնությամբ, ըստ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի, հանդես են եկել նաև «Ազադ ֆարմասյութիքլզ» և «Արփիմեդ» դեղագործական ընկերությունները:

«Այսինքն՝ Հայաստանի առաջատար դեղագործական ընկերությունները պատրաստ են ֆինանսական աջակցություն ցուցաբերել մագիստրոսական այս ծրագրին»,- նշել է Աշոտ Սաղյանը և փաստել, որ մագիստրոսական այս ծրագրին կարող են դիմել նախևառաջ Ֆարմացիա մասնագիտությամբ բակալավրիատի շրջանավարտները, ինչպես նաև բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող այն անձինք, ովքեր ունեն խորը գիտելիքներ վերլուծական քիմիայի և ինժեներային տեխնոլոգիաների վերաբերյալ: