Օրերս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է այցելել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակազմը՝ BOOST (Հայաստանյան համալսարանների միջազգայնացման և մարքեթինգի խթանում) ծրագրի մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

Մոնիթորինգային այցի ընթացքում ՀՊՄՀ-ն, ինչպես նաև հայաստանյան գործընկեր բուհերի` Հայաստանի ամերիկյան համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի արդյուքնում բուհերում արձանագրված ձեռքբերումներն ու միջազգայնացմանն ուղղված փոփոխությունները:

ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը ներկայացրել է ծրագրի վերջնարդյունքները: Ինստիտուցիոնալ մարքեթինգային ռազմավարություններ և շարժունության կարգեր, www.studyinarmenia.am կայքի ստեղծում և գործարկում, «Why study in Armenia» հոլովակի ստեղծում, միջազգայնացման չափման ցուցիչների ստեղծում, սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև մարդկային կարողությունների զարգացում վերապատրաստումների միջոցով. այս և այլ վերջնարդյունքների կողքին Մարիաննա Հարությունյանը ներկայացրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ծրագրի կայունության ապահովմանն ուղղված գործողությունները։

Էրազմուս+ BOOST ծրագիրն ավարտվել է 2020 թվականի հոկտեմբերին, այն իրականացվում էր ՀՊՄՀ համակարգմամբ։ Ծրագրի գործընկերներն էին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանը (Իսպանիա), Տալինի տեխնիկական համալսարանը (Էստոնիա), Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանը (Շվեդիա) և Լիսաբոնի համալսարանը (Պորտուգալիա)։