Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 16-ը:
«Գեղատեսիլ Ծաղկաձորը երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացվում են կենտրոնի 4-12 տարեկան սաների աշխատանքները: Միջոցառման բացման ընթացքում իրենց պարային և դաշնամուրային կատարումներով հանդես են եկել նաև Ծաղկաձոր քաղաքի արվեստի դպրոցի սաները:
«Ամառվա ընթացքում Ծաղկաձորում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, փառատոներ, որոնց շրջանակում թանգարանը հյուրընկալում է բազմաթիվ այցելուների: Մեծ է նաև դպրոցականների հոսքը թանգարան: Բացի դպրոցական աբոնեմենտային ծրագրից, որի շրջանակում թանգարան են այցելում պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները, թանգարանում նաև կրթական ծրագրեր են գործում դպրոցական տարբեր տարիքի երեխաների համար»,- նշել է թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը և հավելել, որ այդ ծրագրերի միջոցով սերմանվում են սեր և հետաքրքրություն մշակույթի նկատմամբ, հաստատվում և ամրապնդվում է երեխա-թանգարան կապը: Աշակերտներն իրենց գիտելիքներն են համալրում ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների վերաբերյալ:
Թանգարանի տնօրենը ներկայացրել է կրթական այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են թանգարանում: