ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ իր հետազոտությունները, Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ակադեմիկոսների և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու անդամների հետ համագործակցությունը:

Ժերար Շառլի Տետեյանը ծնվել է 1942 թ.-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: 1984 թ.-ից ԵՊՀ պատվավոր դոկտոր է, 1966 թ.-ից՝ Մոնպելիեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ: 1990 թ.-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1991 թ.-ին՝ պրոֆեսորի: 2004 թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1969 թ.-ից Ժերար Տետեյանը Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն:

Ժերար Տետեյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը: Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980 թ.): «Հայոց պատմություն» գրքի (1982 թ., ֆրանսերեն) համահեղինակն է: