ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 182 մլն դրամ հատկացնել հանրակրթական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին` 2021 թվականին ուսուցիչների հերթական (պարտադիր) ատեստավորում կազմակերպելու նպատակով վերապատրաստումների իրականացման համար: Գումարը հատկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման հաշվին:

Նախագծի զեկուցման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների հերթական ատեստավորում չի իրականացվել:

«Արդյունքում ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, այն դեպքում, երբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները (շուրջ 7400 ուսուցիչ), այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները: Այս հանգամանքով պայմանավորված` ատեստավորվող ուսուցիչների թիվը զգալի մեծանում է»,- նշել է Վահրամ Դումանյանը։

Հերթական ատեստավորման վերապատրաստման դասընթացներն իրականացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Գործընթացը համակարգում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան` ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների հիմնական տարբերությունները: Վահրամ Դումանյանը նշել է, որ պարտադիր` հերթական ատեստավորման պահանջը սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ ուսուցիչը 5 տարին մեկ անգամ պետք է անցնի հերթական ատեստավորում` պահպանելու համար մասնագիտական որակավորումը:

Կամավոր ատեստավորումն էլ ենթադրում է ուսուցչի աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում, եթե ուսուցիչն ատեստավորման արդյունքում հավաքում է 80 տոկոս և ավելի միավորներ: Այս գործընթացին, որը մասնագիտական գիտելիքների ստուգում է, ուսուցիչները մասնակցում են կամավորության սկզբունքով:

Ամփոփելով հարցի քննարկումը` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում 2019 թվականից սկսած վերանայվել է ուսուցիչների աշխատավարձը, միաժամանակ մեկնարկել են հանրակրթական դպրոցներում ենթակառուցվածքների բարելավման ծավալուն աշխատանքներ:

«Կառավարության այս տարվա ծրագրով` կապիտալ շինարարության և հիմնանորոգման 129 ծրագրերից 105-ը կրթական հաստատություններ են, որոնցից 31-ում շինարարական ընկերությունների հետ պայմանագրերն արդեն կնքված են, և աշխատանքները սկսվում են»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Գործադիրի նիստի ընթացքում կրթական, առողջապահական և սոցիալական հաստատությունների շինարարական աշխատանքների վերաբերյալ հավելյալ մանրամասներ է ներկայացրել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը: