ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 19-ին՝ ժամը 12:00-18:00-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանությանը:

Արցախյան թթուների հարուստ տեսականին, համեղ ուտեստները, ձեռագործ աշխատանքները կներկայացնեն պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արցախցիները:

Կկազմակերպվեն ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, ուտեստների համտես-վաճառք, ինչպես նաև կցուցադրվեն Սյունիք-Արցախի տարազային համալիրները՝ ապահովելով Արցախի կոլորիտն ու շունչը:

Մուտքն ազատ է: