Երևանի պետական համալսարանի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի, պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա և առաջատար համալսարանների կենսաբանության ու մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան:
Մագիստրոսական ծրագրի ղեկավարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է: Նա ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակն է տրամադրել մասնագիտական խորը գիտելիքներ կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների հիմնարար ու կիրառական ասպարեզներում, ինչպես նաև խթանելու ուսանողների նորարարական մտածողությունը՝ կիրառական նշանակության և հետազոտությունների արդյունքների ներդրման ու առևտրայնացման նորարարական առաջարկներ մշակելու համար:
Կարեն Թռչունյանի խոսքով՝ ծրագիրը լրացնելու է աշխատաշուկայի պահանջարկի այն բացը, որը կա ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում. «Այսօր մանրէաբանների խիստ կարիք կա, և մենք փորձում ենք ներկայիս չափանիշներին ու պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել: Մագիստրոսական ծրագրի շրջանակում դասավանդվում են չկրկնվող առարկաներ: Եզակի ծրագրերից է, որտեղ դասավանդվող առարկաների ցանկում ներառված են գիտությունից դեպի արտադրություն ուղղորդող դասընթացներ, ինչպիսիք են՝ «Նորարարական տեխնոլոգիաները մանրէաբանական արտադրության մեջ», «Գիտությունից դեպի արտադրություն. փորձ և հեռանկարներ», «Նորարարություն. բիզնեսմոդելավորում և սկզբնավորում («Start Up»)» և այլն»:
Մինչ ծրագրի գործարկումը Կարեն Թռչունյանն անձամբ այցելել է տարբեր գործարաններ և ծանոթացել պահանջվող այն չափանիշներին, որոնց պետք է բավարարի այսօրվա մանրէաբանը՝ արհեստավարժ և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ լաբորատոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ մագիստրոսները ձեռք բերեն համապատասխան հմտություններ, բացի դրանից՝ նախատեսվում է որոշ դասընթացներ իրականացնել արտադրական ձեռնարկություններում, որտեղ ուսանողները կծանոթանան արտադրական գործընթացին և ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ:
Ըստ Կարեն Թռչունյանի՝ ծրագրի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բոլոր շրջանավարտներն աշխատում են իրենց մասնագիտությամբ. «Այս տարի մեր մագիստրոսական ծրագրում սովորում են առավել մեծ թվով՝ 15 մագիստրոսներ: Հուսով ենք, որ նրանք ևս կգտնեն իրենց տեղն աշխատաշուկայում»:
Հավելենք, որ մագիստրոսական ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք: