Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն իրականացրել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, իսկ մասնագիտական աշխատանքային խմբերը մշակել են ուսումնական նյութեր:
Այդ աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոնի» վերանայած առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով տեղի են ունեցել աշխատանքային այցեր ՀՀ Արագածոտնի 4 կրթական հաստատություններ: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի, Կոշի միջնակարգ դպրոցներում: ԾԻԳ-ի ձևավորած աշխատանքային խմբերում ներգրավված են 32 մասնագետներ, ովքեր մշակել են առարկայական չափորոշիչները և ուսումնական նյութերը:
Վերոնշյալ ուսումնական բնագավառների չափորոշիչների նախափորձարկումներ են նախատեսվում նաև Երևանի մի շարք դպրոցներում:
Նշենք, որ առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են:
Հավելենք, որ փորձագիտական այցեր են արդեն իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Իջևանի հիմնական դպրոցում և Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեձորի միջնակարգ դպրոցներում: