Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

1. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար - 2021թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
2. Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
3. Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ
4. Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
5. Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ
6. Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ
7. Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
8. Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար - 2021 թ. հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ

ԿԳՄՍ նախարարությունում դիմորդների ընդունելությունը իրականացվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում 13.00-ից մինչև 14.00-ն:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
  2. դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճեն,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3x4 չափսի 4 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
  9. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած՝ 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝

  • սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647)
  • արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)