ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցությամբ հունիսի 15-ին Երևանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքներ․ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարը:
Բացման պաշտոնական արարողությունից հետո մասնակիցները ներկա են գտնվել Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանակում անցկացվող Հովհաննես Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» (1857) կտավի ցուցադրությանը՝ կտավի վերականգնման յուրահատուկ պատմությամբ։
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ քանի որ հյուրերի մեծ մասը ԱՊՀ երկրներից է, ուստի որոշել են ցուցադրությունը համալրել հենց Հովհաննես Այվազովսկու կտավով, քանի որ նա բոլորի նկարիչն է:
«Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, սակայն նրա այլ թեմաներով աշխատանքներից շատերն ինչ-որ չափով ստվերում են մնում, այդ իսկ պատճառով ընտրեցինք «Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը, որը վերականգնվել է հեղինակի 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել»,- տեղեկացրել է տնօրենը: