Ամփոփվել է «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ. Գաղափարատոն-2021» ուսանողական եռօրյա մրցույթը, որը նախաձեռնել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Change Lab»-ը և ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ) շրջանակում:
Հունիսի 7-9-ը հայաստանյան տարբեր բուհերի 23 ուսանող՝ ոգեշնչված «Ամեն ինչ սկսվում է բիզնես-գաղափարից» կարգախոսով, ՀՊՏՀ-ում ներկայացրել են իրենց իրական ու անիրական թվացող գաղափարները, բիզնես-խորհրդատուներից լսել մասնագիտական դիտարկումներ։ Եռօրյա մրցույթի ընթացքում ԵՄ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, մարքեթինգի և բիզնեսի գործառնությունների գծով փորձագետներ Միշա Պողոսյանն ու Մխիթար Բալայանն անցկացրել են ինտերակտիվ հանդիպումներ, դասախոսել բիզնեսի և ձեռներեցության տարբերությունների, գաղափարների իրացման գործիքակազմի, ներկայացման հմտությունների, մարքեթինգի և այլ ուղղությունների մասին, եղել են քննարկում-բանավեճեր, գաղափարների գեներացում և փորձագետների օգնությամբ դրանց գրագետ ներկայացում։
Ըստ մրցույթի պայմանների՝ նախապես ընտրված մասնակիցներից ձևավորվել է 5 թիմ, որոնք նախ փորձագետների աջակցությամբ մշակել են իրենց բիզնես-գաղափարը, ապա ներկայացրել այն մրցատյանին, որի կազմում են եղել ԵՄ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը, «Change Lab»-ի ղեկավար Արտակ Ասլանյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բիզնես-փորձագետներ Նունե Զադոյանը, Ալին Մասրլյանը և Գոհար Գրիգորյանը՝ ԻՐԻՍ բիզնես-ինկուբատորից։ Հաղթող է ճանաչվել «Quick Charge» թիմը, լավագույն հնգյակը շարունակել են «VR Tourism 2», «Agro drone», «Lingo» և «Real work team» թիմերը։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ մրցույթը ծառայել է իր հիմնական նպատակներին, որոնք էին՝ երիտասարդության շրջանում խթանել հետաքրքրությունը դեպի ձեռներեցություն, նրանց զինել բիզնես-գիտելիքով, օգնել գաղափարները թղթին հանձնել և ուղղորդել գաղափարին կյանք տալու, դրամաշնորհային և զարգացման ծրագրերի դիմելու։