Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն իրականացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագիրը, որի ընթացքը և հետազոտության արդյունքները ներկայացվել են առցանց հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախադպրոցական կրթության ոլորտը թերևս ամենաշատն է տուժել համավարակի ազդեցությունից:
«Եթե մյուս մակարդակներում կարողացել ենք կրթության շարունակականությունն ապահովել հեռավար ուսուցման և տարբեր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, ապա նախադպրոցական հաստատություններում իրավիճակն ավելի բարդ էր. վաղ մանկության զարգացման այս փուլում մենք խնդիրներ ունեցանք երեխաներին համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից: Հետևաբար ակնհայտ է, որ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունները, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանց տրամադրած ծառայությունները լինեն արդյունավետ և հասցեական»,- շեշտել է փոխնախարարը՝ գոհունակությամբ փաստելով, որ «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 951 նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1350 աշխատակիցներ՝ դաստիարակներ և մեթոդիստներ:
Դա, ըստ Ժաննա Անդրեասյանի, բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ ոլորտում պարբերական վերապատրաստումների մեխանիզմը բացակայել է, և միայն նախորդ տարի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո է այն ամրագրվել՝ տարեկան աշխատակիցների 1/5-ի վերապատրաստման պարտադիր պահանջով: Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի միջոցով կուտակվել է մեծ փորձ՝ պարբերական վերապատրաստումների իրականացման և ոլորտի կարիքների հասցեականացման տեսանկյունից: Նա վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է մեկտեղել ջանքերը նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ:
Հանդիպման մասնակիցներին ողջունել է նաև Համաշխարհային բանկի ծրագրերի համակարգող Անուշ Շահվերդյանը:
«Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը ներկայացրել է «Արտակարգ իրավիճակներում խնամքի, զարգացման և կրթության ծառայությունների տրամադրումը» ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և շարունակականության ապահովման գործընթացը: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է օգնել նախադպրոցական հաստատությունների մասնագետներին, որ դիմակայեն ճգնաժամերին, ունենան համապատասխան հմտություններ և կարողություններ՝ երեխաների ու նրանց ծնողների հետ աշխատելու և համավարակի պայմաններում որակյալ ուսուցման ու դաստիարակության գործընթաց կազմակերպելու համար, ինչպես նաև մեծացնեն իրազեկվածության և պատրաստվածության մակարդակը:
Ըստ «Քայլ առ քայլ» ԲՀ գործադիր տնօրենի՝ մեթոդական վերապատրաստումների թեմաները ներառել են հիմնական գիտելիքներ ՔՈՎԻԴ-19-ի, կանխարգելման հնարավոր ուղիների, նախադպրոցական հաստատությունների վերաբացման գործընթացի հիմնական սկզբունքների և փուլերի, համավարակի ընթացքում ուսումնական գործընթացի հարմարեցման, հիգիենայի, անվտանգ վարքի ու կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև աշխատանք ծնողների հետ: Հոգեբանների հետ աշխատանքը վերաբերել է սթրեսի կառավարման արդյունավետ ռազմավարության և հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու արդյունավետ մոտեցումներին: Անդրադառնալով ծրագրի ընդլայնման խնդրին՝ Մարինե Մկրտչյանը նշել է, որ նախատեսվում է շարունակել վերապատրաստումները, ավելի մեծ տեղ հատկացնել ներառական կրթության բաղադրիչին, ինչպես նաև կազմակերպել մենթորական այցելություններ և մեթոդական օժանդակություն:
Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրել են հետազոտող թիմի ղեկավար Գայանե Ղազարյանը և մոնիթորինգի ու գնահատման մասնագետ Աննա Թադևոսյանը: