Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև օրերս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։

Այն հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում՝ մասնագետների, փորձագետների և ուսանողների փոխանակում։ Համաձայնագրով հնարավոր կլինի իրականացնել նաև երկու կողմերի ասպիրանտների և դոկտորանտների գիտական ​​պրակտիկայի կազմակերպում, մասնակցել գիտական դրամաշնորհային ծրագրերի և այլն։ Բացի դրանից՝ երկու բուհերի միջև համագործակցությունը նոր հեռանկարներ կբացի ուսուցման և լավագույն միջազգային փորձի ուսումնասիրման ու կիրառման համար:

Համաձայնագրի ստորագրումից հետո հյուրերն այցելել են ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել է կենտրոնի գործունեությունը: Վերջինս կոչված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: