Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին:
Առաջնությանը ներկա է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա հանդես է եկել բացման խոսքով, ինչպես նաև հաղթողներին շնորհել է մրցանակներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ առկա պայմաններով հայկական գեղասահքը միայն վերելք կապրի, քանի որ դրա համար մենք ունենք պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր այլ երկրներում նույնպես արժանացել են բարձր գնահատականների. «Մենք ունենք մարզիչ, ով ԱՄՆ լավագույն մարզիչներից է, մենք ունենք մասնագետներ, ովքեր Ռուսաստանում շատ բարձր որակավորում ունեն: Այսօր էլ մրցավարական հանձնաժողովում նստածներից մի քանիսն ուղղակի շատ բարձր կարգի մրցավարներ են: Այսքանից հետո, նաև ունենալով այսպիսի սահադաշտ, մենք ուղղակի պարտավոր ենք կատարել հաջորդ քայլը ու գնալ առաջ՝ դեպի բարձր արդյունքներ»:
Նշենք, որ այս տարի գեղասահքի առաջնությանը տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերն են փորձել 90 մարզիկներ:
Տղամարդկանց մենասահքի չեմպիոն է դարձել մրցաձևի միակ մասնակից Սլավիկ Հայրապետյանը: Մեծահասակների կանանց պայքարում հաղթող է դարձել Վալերիա Սիդորովան, ով մրցաձևում ևս մրցակիցներ չուներ: Նույն պատկերն էր նաև պարային զույգերում: Հաղթել է Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև զույգը: Երիտասարդների պայքարում առաջին տեղի մրցանակը ստացել է մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը, իսկ զույգերից՝ Ալիսա Կորնևա-Էդվարդ Տեր-Ղազարյան պարային զույգը:
Պատանի աղջիկների պայքարում առաջին տեղին է արժանացել Նարե Խաչատրյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Էլեն Ղազարյանը: