ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին:
«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գալա համերգի շրջանակում ելույթ կունենան մրցույթ-փառատոնի հաղթողները, տեղի կունենա մրցանակների հանձնման արարողություն:
Տեղեկացնենք, որ առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից:
Մասնակիցները հանդես են եկել 3 տարիքային խմբերում: Գլխավոր մրցանակի է արժանացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Նարինե Մաթևոսյանը (Աննա Մուսայելյանի մասնագիտական դասարան): Տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի են արժանացել 7 մասնակից, 2-րդ մրցանակի՝ 15 մասնակից, 3-րդ մրցանակի՝ 12 մասնակից: Պատանի և երիտասարդ կատարողներին տրվել են նաև 4-րդ և 5-րդ մրցանակներ և խրախուսական դիպլոմներ:
Նշենք, որ մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը: