Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) և մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:

Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատու­թյան առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու դեպքում:

Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից: Օրենսդրական փոփոխության հեղինակն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն է: