Անցած շաբաթվա վերջին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա այցելել է Մարալիկ, Արթիկ, Գյումրի, ծանոթացել մարզադպրոցների վիճակին, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Խոսելով ոլորտային խնդիրների մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ դրանք տարբեր են՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մասնագիտական գույքի պակաս: Ըստ Գիլոյանի՝ ոչ միայն Շիրակի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում մարզադպրոցների գրեթե 90 տոկոսն ունի քայքայված հատակների խնդիր:

Հաջորդ խնդիրը, որի լուծումը, ըստ Կ. Գիլոյանի, կլինի մեծ նվաճում, խաղային մարզաձևերի մարզադահլիճներին է վերաբերում. «Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում գոնե մեկ՝ 400-500 հանդիսականի համար նախատեսված խաղային համալիր դահլիճ ունենանք»:

Գյումրիում շրջայցի ընթացքում Կարեն Գիլոյանը ծանոթացել է նաև Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին: Այն ունենալու է դահլիճ, որը կծառայի նաև խաղային մարզաձևերին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ նմանօրինակ համալիրի առկայությունը զարկ կտա սպորտի զարգացմանը. «Համալիրի կառուցմամբ խաղային մարզաձևերը կկարողանան ժամանակակից պայմաններում իրենց մարզումները և մրցումները կազմակերպել: Այդքան երեխա կավելանա, այդքան մարդ նորից կներգրավվի, այսինքն` նոր աշխատատեղեր կլինեն»:

Հաջորդ կանգառը Գյումրիի համալիր մարզադպրոցն էր, որի սաները սեպտեմբերին կտեղափոխվեն նոր՝ ավելի բարեկարգ պայմաններով շինություն: Որոշվել է դպրոցին տրամադրել թիվ 41 դպրոցի մասնաշենքը: Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս պահին երեխաների մարզման պայմաններն անմխիթար են, իսկ նոր շենքում թեև որոշակի վերանորոգման և ձևափոխման խնդիրներ կան, բայց ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կլուծվեն թե՛ այդ, թե՛ անհրաժեշտ գույքային խնդիրները:

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունն առաջիկայում գույքի ու հանդերձանքի առումով կփորձի աջակցել մարզադպրոցներին՝ ըստ անհրաժեշտության և առաջնահերթության: Կարեն Գիլոյանը խոստացավ Գյումրու սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցին նոր գորգ տրամադրել, իսկ ծանրամարտի մարզադպրոցին՝ ծանրաձողեր՝ ծանրաքարերով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ գործընթացը շարունակական կլինի. հաջորդ տարվա ընթացքում միջնաժամկետ գույքային ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր գույք ձեռք բերել. խոսքը մոտ 500 միլիոն դրամի մասին է: