ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, բացվել է Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոն՝ Էկոէպիկենտրոն:

Էկոէպիկենտրոնը ստեղծվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) համագործակցության շրջանակում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջույնի խոսքում կարևորել է նոր կենտրոնի բացումը էկոկրթության զարգացման առումով:

«Ես հույս ունեմ, որ Բուսաբանության ինստիտուտը հետզհետե կհամալրվի ավելի ժամանակակից ենթակառուցվածքներով: Շատ կարևոր է, որ Բուսաբանական այգին, դրանով պայմանավորված, ունենա ավելի շատ այցելուներ, հատկապես՝ դպրոցականներ: Նորաբաց էկոկրթության կենտրոնը նաև կարող է բուհական կլաստերի ձևավորման հիմք հանդիսանալ` մեկ միջավայրում համատեղելով բարձրագույն կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը:

Նորաբաց Էկոէպիկենտրոնի ինտերակտիվ ցուցահանդեսում ներկայացվել են աշխատարանների սենյակը և կենդանի բույսերի հավաքածուն: Ցուցահանդեսի բովանդակությունը և դիզայնը մշակվել են Բուսաբանության ինստիտուտի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետազոտողների կողմից՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայր» ծրագրի շրջանակում:

Բուսաբանության ինստիտուտի նորաբաց կենտրոնի վերանորոգումն ու կահավորումն իրականացրել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակը Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագրի շրջանակում: