2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150– ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։

Caption

Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի «Սպենդիարյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով:

Համերգի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ «Երեք արմավենի», «Ղրիմյան էսքիզներ», հատվածներ «Ալմաստ» օպերայից: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Հունիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ծրագրում կհնչեն Դվորժակի Ջութակի կոնցերտը, Մարտուչիի «Նոկտյուրնը» և Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը (1945 թվականի խմբագրություն): Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, անվանի ջութակահար Անուշ Նիկողոսյանը:

Հուլիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի դաշնակահար Միխայիլ Պլետնյովը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ծրագրի առաջին բաժնում կհնչի Ռավելի Բոլերոն և Դաշնամուրի սոլ մաժոր կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: