Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքի 80-րդ տարում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանը:
Անսահման մեծ է նշանավոր արտիստի վաստակը հայկական բալետային արվեստի զարգացման գործում: Աշխարհի բոլոր հեղինակավոր բեմերում հանդես է եկել Վ. Գալստյանը՝ մշտապես բարձր պահելով հայի անունն ու հայկական մշակույթի համբավը:
Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 12-ին Երևանում: 1959 թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61 թթ․ եղել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու, 1961-72 թթ․` Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող:
Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, 1974 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961 թ.), Է. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (Անտունի, 1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976 թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967 թ.), Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (Արքայազն), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972 թ.) և այլն:
1972-75 թթ․ և 1977-79 թթ․ ղեկավարել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83 թթ. եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը:
Բեմադրել է Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974 թ., 2004 թ., նաև լիբրետոյի հեղինակ), Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1978 թ., 1982 թ., 1987 թ.), Է. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976 թ.), Տ. Մանսուրյանի «Ձյունե թագուհին», Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002 թ.)․ Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» (2017 թ.) և այլ բալետներ:
Ներկայացումներով հանդես է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների: Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի բալետային խմբի ղեկավարը: Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն:
1987-88 թթ․ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը: 1999-2000 թթ․ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում:
1999 թ․-ից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000 թ․-ից՝ պրոֆեսոր): Եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը: 2014 թ․-ից Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն էր:
Հայաստանում և արտերկրում արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների (1968 թ. դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալ, 1967 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում, 2001 թ. ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 2011 թ. ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 2013 թ. ՀԹԳՄ Հատուկ մրցանակ` թատերարվեստում ունեցած ավանդի համար):
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է մեծագույն արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, արվեստի երկրպագուներին:
Վիլեն Գալստյանի հոգեհանգստի արարողությունը 07.06.2021 թ.-ին՝ ժամը 18:00-20:00, տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից՝ 08.06.2021 թ.-ին՝ ժ. 12:00-14:00, հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):