Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա վերջին զանգը կրկնակի տոնական էր։ Ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանը։

Դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանի խոսքով՝ սենսորադինամիկ սենյակը թույլ կտա N 17 հատուկ դպրոցի սաներին շատ ավելի արագ յուրացնել և ամրապնդել նոր հմտություններ՝ հաղթահարելով շարժողական և վարքային խնդիրները։

«Երեխաները սիրում են մագլցել, ճոճվել, բատուտի վրա թռչկոտել և այլ ակտիվ շարժումներ անել․ սենսորադինամիկ սենյակը շատ ապահով միջավայր է՝ այդ բոլոր գործողություններն անելու և երեխաների էներգիան գրագետ ծախսելու համար։ Մանկավարժներիս էլ սենսորային դինամիկ միջավայրը հնարավորություն կտա դիտարկել երեխաների վարքը, օգտակար կլինի նաև գնահատում կատարելու առումով»,- նշել է Վ․ Եսայանը։

Սենսորադինամիկ սենյակը համալրվել է շվեդական և ալպինիստական պատերով, փափուկ պարանից աստիճաններով, ճոճանակներով, չոր լողավազանով, գնդակներով և զարգացմանը նպաստող այլ անհրաժեշտ պարագաներով։

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում վերաբացվել է նաև գրադարանը՝ հագեցած համակարգչային տեխնիկայով։ Այստեղ նաև ավազային թերապիա է կատարվում։

Դպրոցի սաները հիմնական տոնը՝ Վերջին զանգը, նշել են դպրոցի բակում՝ միասնական բաց դասով։ Նրանք ցուցադրել են սպորտլանդիա, նկարչության բաց դաս: Ցուցադրվել են նաև դպրոցի աշակերտների նկարներն ու ձեռագործ աշխատանքները։

2020-21 ուսումնական տարում հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում սովորել է 1-9-րդ դասարանների 84 աշակերտ, որոնցից 4-ն արդեն շրջանավարտ են։ Դպրոցի ընդունելությունը կատարվում է միասնական առցանց համակարգի միջոցով։ Գրանցվելուց հետո ծնողները դպրոց են ներկայացնում նաև պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող վկայագիրը՝ տրված տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի կամ ՀՀ մարզպետարանների) կողմից։