ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ, դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ կրթությունը լուսավոր ապագա կառուցելու լավագույն հիմքն է:

«Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին: