ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր հանձնակատարի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի (Unit for Armenia, Azerbaijan, Belarus & Eastern Partnership in EC DG NEAR) կազմակերպած առցանց հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Եվրոպական միության Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված վեց երկրների մշակույթի ոլորտների պատասխանատուներին բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի և գործընկերների կողմից ներկայացվել է «ԵՄ-ն հանուն մշակույթի (EU4Culture)» տարածաշրջանային ծրագիրը: Եվրոպական միության կողմից 7.85 մլն ընդհանուր գումարով ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագիրն ուղղված է Արևելյան գործընկերության երկրների մշակութային և ստեղծարար հատվածին՝ նպատակ ունենալով աջակցել մշակույթի զարգացմանը՝ որպես համայնքային և սոցիալական զարգացման շարժիչ ուժի:

«ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի թիմի ղեկավար Անատոլի Բեիֆերտը ծրագիրն իրականացնող թիմի անունից ներկայացրել է դրա նպատակները և դիմելու ընթացակարգը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհակալություն հայտնելով ծրագրի ներկայացման համար և կարևորելով մշակույթի և ստեղծարար արդյունաբերության դերը տնտեսական, սոցիալական և համայնքների զարգացման գործում: Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը մեծ պատասխանատվություն է տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համար և առանցքային նշանակություն կարող է ունենալ մարզերի համաչափ զարգացման առումով: Ա. Մարտիրոսյանը նոր նախագիծը կարևորել է մի քանի տեսակետից. համայնքները հնարավորություն են ստանում առաջատար դեր ստանձնել և զարգացնել իրենց մշակութային ու ստեղծարար կարողությունները, ի հայտ է գալիս տարածաշրջանում միջմշակութային երկխոսության զարգացման նոր ազդակ: Այդ ամենից զատ՝ ծրագրի ինկուբացիոն բաղադրիչը լավ հնարավորություն է թե՛ մշակույթի և ստեղծարար գործունեության ոլորտի քաղաքացիական հասարակության, թե՛ հենց անհատ արվեստագետների և մշակույթի գործիչների համար:

Տեղեկացնենք նաև, որ «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագիրը հայտարարում է մրցույթ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մայրաքաղաք չհամարվող բնակավայրերի (Հայաստանի պարագայում 15 հազար և ավելի բնակչություն ունեցող) մշակութային զարգացման համար՝ հիմքում դնելով մշակութային ժառանգությունը, միջմշակութային երկխոսությունը և մշակույթի ոլորտում տեղական կառավարման կարողունակությունների բարձրացումը:

Նախնական փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի հինգ քաղաք, որոնք կստանան մինչև 1000 եվրո դրամաշնորհ` ամբողջական հայտի մշակման համար: Հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից առավելագույնը երեքը կստանան 30,000 եվրո դրամաշնորհ` մշակութային զարգացման ամբողջական ռազմավարություն պատրաստելու համար: Ի վերջո, յուրաքանչյուր երկրից մեկական քաղաքի կշնորհվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ` իր ռազմավարության իրականացման համար: Դիմորդները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց հայտերը «Գյոթե ինստիտուտի» հայտերի ներկայացման հարթակում (GAP):

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://goethe-zentrum.am/hy/eu4culture/ հղմամբ: