Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը:
ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ե. Միլոշևիչը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը և այլ պատասխանատուներ:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2021 թվականի հունվարից գործող կենտրոնին` ԿԶՆԱԿ-ին, առանցքային դերակատարում է վերապահված. «Նախարարությունը կարևորում է նորաստեղծ հիմնարկի համակարգային նշանակությունը հանրակրթության ոլորտում և պատրաստակամ է հնարավորինս աջակցել կառույցի կայացմանն ու առաքելության իրականացմանը»:
Անցնելով խորհրդի նիստի օրակարգին` Վահրամ Դումանյանն առաջարկել է առաջին հարցի քննարկումն ու ընդունումը հետաձգել, քանի որ Կառավարության որոշումը, ըստ որի պետք է փոփոխություն կատարվի ԿԶՆԱԿ-ի 2021 թվականի ծախսերի նախահաշվում, դեռ չի ընդունվել: Առաջարկը հավանության է արժանացել:
Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել օրակարգի մյուս 5 հարցերին: Մասնավորապես հաստատվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաստիքացուցակի փոփոխության առաջարկը: Ըստ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանի ներկայացրած զեկույցի` հաստիքացուցակի փոփոխությունը բյուջեի ծախսերի ավելացում չի ենթադրում, հաստիքների թիվը մնում է նույնը, փոխվում է կառուցվածքը` աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Հավանություն է տրվել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի աշխատողների աշխատանքի ընդունման կարգին:
Օրակարգի մնացած հարցերը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:
Խորհուրդը հաստատել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2021 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը, ինչպես նաև նույն հիմնարկի ղեկավար հանձնաժողովի կազմը և համապատասխան գործառնական ձեռնարկը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հավանություն է տրվել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի բյուջեի չօգտագործված միջոցների վերաբաշխման որոշմանը, որով միջոցներ կհատկացվեն Գեղարքունիքի մարզի 23 դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: