ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթության խորհրդի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթական բաղկացուցիչով աշխատանքների հստակեցմանն առնչվող հարցերը:

Մասնակիցներին ներկայացվել են «Գագարին» նախագծի՝ ապրիլ-մայիս ամիսներին կատարված աշխատանքները, մայիսյան օրացույցով՝ Առաջին հանրապետության տոնի շրջանակում «Բարձունքի նվաճում» նախագիծը, հունիսյան նախագծերի ուղղությունները, 2021-2022 ուսումնական տարվան ընդառաջ՝ «Գագարին» նախագծի հանրակրթության կազմակերպման փոփոխության առաջարկները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և բարձր գնահատել նախագծի իրագործման աշխատանքները՝ ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնելով:

«Իրականացվող նախագիծն ամբողջությամբ համահունչ է պետական քաղաքականությանը։ Դպրոցական խորհուրդների խոշորացմամբ երեք դպրոց միավորվել է մեկ համայնքի մեջ: Սրա խորքային նպատակն է համայնքների միջև համագործակցություն ձևավորելը, որպեսզի կրթական միջավայրի զարգացման և դպրոցների խնդիրների քննարկումը լինի որակյալ։ Հաջորդ քայլով պետք է համատեղ ծրագրերի խնդիրներ դրվեն միացյալ խորհուրդներ ունեցող դպրոցների առաջ»,- ասել է փոխնախարարը:

Հավելենք, որ «Գագարին» նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը: