ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:
Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Ըստ այդմ` 2735 ուսանողի ուսման վարձը հատուցելու համար տրվել է 568,5 մլն դրամ գումար:
Ներկայացնելով որոշման նախագիծը` ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ շահառուների հավաքագրման աշխատանքները շարունակվում են, որովհետև կան ուսանողներ, որոնց տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են:
«2021 թվականի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից հավաքագրվել և նախարարություն են ներկայացվել համապատասխանաբար բուհերում սովորող 2585 և քոլեջներում սովորող 150 ուսանողների տվյալներ: Կառավարության նախկինում կայացրած որոշումներով ուսման վարձի փոխհատուցում էր տրամադրվել 4213 ուսանողի, որոնցից 3954` բուհերի և 259-ը` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող: Մայիսի 27-ի նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 6948 ուսանող, որոնց տրվող փոխհատուցման չափը կկազմի 1 մլրդ 463 մլն 861.7 հազար դրամ»,- կառավարության նիստում ներկայացրել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել: