2021 թվականի մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի՝ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում հատուկ ծրագրով կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Միջոցառման շրջանակում ժամը 18:00-ին կցուցադրվի «Իրականացած երազանք» փաստագրական ֆիլմը, որը պատրաստել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողները. ֆիլմում ներկայացված են կոմպոզիտորի տուն-թանգարանի, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող նյութերը:

Հաջորդիվ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը, տեսնել այն ռոյալը, որով Ռիմսկի-Կորսակովը պարապում էր իր տաղանդաշատ աշակերտի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հետ: Այնուհետև՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: