Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ:

Մասնավորապես, մեծահասակների խմբի 100 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը 395 կգ արդյունքով դարձել է երկամարտի հաղթող, իսկ Զորիկ Պողոսյանը 625 կգ արդյունքով լավագույնն է եղել եռամարտում և սահմանել Եվրոպայի ռեկորդ: 125 կգ քաշային կարգում եռամարտի 610 կգ արդյունքով առաջին մրցանակին է արժանացել Արտավազդ Առաքելյանը: Մակար Թամրազյանը 67,5 կգ քաշային կարգում եռամարտի 470 կգ արդյունքով դարձել է չեմպիոն, սահմանել աշխարհի ռեկորդ և լրացրել միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա: 82,5 կգ քաշային կարգում չեմպիոնությունից բացի՝ ռեկորդային արդյունքներ են գրանցել Արա Խաչատրյանը և Արտյոմ Սոլոյանը. առաջինը Եվրոպայի ռեկորդ է սահմանել եռամարտի 650 արդյունքով, իսկ Սոլոյանը պառկած սեղմում մրցաձևում լավագույնն է եղել 170 կգ արդյունքով՝ կրկին սահմանելով աշխարհամասի ռեկորդ: Աղջիկների պայքարում Աննա Ղազարյանը 52 կգ քաշային կարգում լավագույնն է եղել ձգում մրցաձևում՝ գրանցելով 62 կգ արդյունք:

Երիտասարդների խմբում չեմպիոն են դարձել Հրաչյա Աբգարյանը (56 կգ քաշային կարգում, ձգում), Հարութ Տոնոյանը (75 կգ), Կարեն Բարսեղյանը (100 կգ), ով նաև 335 կգ արդյունքով Եվրոպայի երկամարտի ռեկորդ է սահմանել: Պատանիներից լավագույնս հանդես են եկել և առաջին մրցանակին արժանացել Վահան Բաղդասարյանը (44 կգ, ձգում), Էդիկ Քոչարյանը (44 կգ, պառկած սեղմում), Ժոզեֆ Տիգրանյանը (60 կգ), իսկ վետերանների պայքարում չեմպիոն են դարձել Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գագիկ Սարոյանը (125 կգ):

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, ամփոփելով հայ մարզիկների ելույթները, նշել է. «Արդյունքները գոհացուցիչ են և սպասված: Բոլոր հաղթանակները և ռեկորդները նվիրում ենք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Մեծ ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ Հայաստանում ուժային եռամարտով զբաղվողների թիվն աստիճանաբար մեծանում է: Այժմ սկսելու ենք նախապատրաստվել Սևծովյան երկրների առաջնությանը, ապա աշնանը Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը»:

Հավելենք, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն վերադարձել է Ուկրաինայից. մեդալակիրներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: