Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 17-25-ն անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Ազատոճային ըմբիշներից առաջնությանը մասնակցեց 7 մարզիկ, իսկ հունահռոմեականները ներկայացել էին 10 ըմբիշով:

Ազատոճայիններից առաջինը մեդալ նվաճեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար պայքարում 1։6 հաշվով զիջեց վրացի Թեյմուրազ Վանիշվիլուն։ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը նույնպես եզրափակչում 0:4 հաշվով պարտվեց ռուս Չերմեն Վալիևին և դարձավ արծաթե մեդալակիր: Եվս մեկ բրոնզե մեդալ նվաճեց 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներն ավելի հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 6:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Օթար Աբուլաձեի նկատմամբ, ապա 7:0 հաշվով գերազանցեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին և կիսաեզրափակչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ՝ հաղթելով 4:1 հաշվով: Եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրի Կուլիկին և կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին:

60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Մինասյանը, իսկ 63 կգ քաշային կարգում անգերազանցելի էր Հրաչյա Պողոսյանը. նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության հասավ շվեդ Նիկլաս Օհլենի նկատմամբ: 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սամվել Գևորգյանն ուժերը չափեց վրացի մարզիկի հետ և առավելության հասավ 11:4 հաշվով: Ծանրքաշային Դավիթ Օվասափյանը դարձավ արծաթե, իսկ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մրցանակակիրներից Հրաչյա Պողոսյանը, որի համար այս չեմպիոնությունը կարիերայի դեռևս ամենալուրջ հաղթանակն է, նշել է՝ այս անգամ հաջողել է հոգեբանական պատրաստության շնորհիվ․ «Միշտ ցանկացել եմ նման խոշոր մրցաշարերում ոսկե մեդալ նվաճել, բայց միշտ ինչ-որ բան խանգարել է։ Նախկինում նվաճածս մեդալներն էլ դժվարությամբ են տրվել և եղել են ծանր աշխատանքի արդյունք, բայց սրա արժեքն այլ է։ Այս անգամ հաջողեցի, կարելի է ասել, հոգեբանական ճիշտ պատրաստության շնորհիվ։ Ես մրցավայր էի եկել հաղթելու համար և իմ մեջ արդեն հաղթած, մնում էր այդ ամենը ցույց տալ մրցագորգում, ինչն էլ արեցի»։

Հավելենք, որ ընդհանուր հաշվարկում ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն այս առաջնությանը նվաճեց 10 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզ: