ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության hայաստանյան ներկայացուցչության հետ Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու Էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ ի դեմս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը՝ տարիներ շարունակ մասնագիտական կրթությանը և ուսուցման ոլորտին աջակցելու համար։

«ՄԿՈՒ ոլորտը կրթության համակարգի այն օղակն է, որը պետք է առաջինն արձագանքի տնտեսության կարիքներին ու աշխատաշուկայի զարգացմանը և իր ճկունությամբ հնարավորություն տա բավարարելու այդ կարիքը՝ նոր մասնագիտությունների և որակավորումների, ինչպես նաև կադրերի պատրաստման ուղղությամբ։ Այս տեսանկյունից ՄԿՈՒ հաստատությունները բոլոր մարզերում մասնագիտական կրթություն ստանալու հիմնական օղակն են։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, թե տարբեր ծրագրերի արդյունքում որակական և համակարգային փոփոխությունների համար ինչ առաջխաղացման տեղ կա»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ պահը հասունացել է, քանի որ տարիներ շարունակ ՄԿՈՒ ոլորտում փորձարկվում են դուալ համակարգը, ԱՀՈՒ մոդելները, հայեցակարգային տարբեր փաստաթղթեր են մշակվում, և ներկայում կարիք կա հասկանալու, թե այդ գործիքակազմն արդյոք բավարար է լուծելու բոլոր խնդիրները, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում սոցգործընկերների և հատկապես գործատուների հետ համագործակցությունը։

«Իհարկե, նրանք ներգրավված են չափորոշիչների մշակման, կառավարման խորհուրդների, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում՝ ի դեմս ՄԿՈՒԶԱԽ-ի, սակայն համակարգային առումով այդ համագործակցությունը չի կարելի բավարար գնահատել։ Դրա համար, անկասկած, կան տարբեր պատճառներ, որոնցից ամենակարևորը տնտեսության վիճակն է և տարբեր ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների անցած ճանապարհը։ ՄԿՈՒ համակարգը, սակայն, կարող է խթանող դեր ունենալ և փոխշահավետ լինել ուսհաստատությունների և գործատուների համար՝ նպաստելով երկուստեք զարգացմանը։ Հետևաբար, նմանատիպ քննարկումներով ցանկանում ենք հասկանալ, թե առկա գործիքակազմերով ինչպես առավել արդյունավետ դարձնել նախատեսվող համակարգային փոփոխությունները»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է փոխկապակցել նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ ԲՏԱ նախարարությունը կարևորում է Հայաստանում ՄԿՈԻ ոլորտի զարգացումը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում կարիքների բացահայտման և սահմանման ճանապարհային քարտեզ՝ այդ հարցում ակնկալելով սերտ համագործակցություն ԿԳՄՍ նախարարության հետ։
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցն իր հերթին փաստել է, որ քննարկման արդյունքում նախատեսվում է վերհանել այն բոլոր մարտահրավերները, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը: Դրանց վերջին տարվա ընթացքում գումարվել են նաև համավարակով պայմանավորված դժվարությունները։ Նա վստահություն է հայտնել, որ արդյունավետ քննարկման արդյունքում մասնակիցները կգտնեն այն ռազմավարական լուծումները, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համատեղ կաշխատեն պետական կառույցները, գործատուները և դոնոր կազմակերպությունները. «Մենք աջակցում ենք Շիրակի մարզում ագրո և տեքստիլ ոլորտների կրթության որակի բարելավմանը՝ կարևորելով գործատուների հետ սերտ համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված մոդելի կիրառմամբ՝ ի նպաստ հմուտ մասնագետների պատրաստմանը։ Վստահ ենք, որ դրական փոփոխություններն առաջիկայում նկատելի կլինեն և կդառնան զարգացման մոդել նաև ՀՀ մյուս մարզերի ՄԿՈՒ հաստատությունների համար»։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով։ Մասնավորապես, ներկայացվել են ՄԿՈՒ համակարգի մարտահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտվել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը: Համաժողովի առաջնահերթություններից էին նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հետագա ծրագրերի սինխրոնացումն ու համագործակցային նոր հնարավորությունների ուրվագծումը:

Հավելենք, որ երկօրյա աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում: