ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է իր պաշտոնավարման 5 ամիսը, ներկայացրել իրականացրած և առաջիկա ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:
Բժշկական սպասարկում, հոգեբանական աջակցություն
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացման նպատակով վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովում» ծրագիրը, որի իրականացման համար նախարարության ֆինանսական հատկացումների շրջանակում կատարվել է վերաբաշխում և տրամադրվել 40 մլն դրամ: Փոխնախարարը նշել է, որ գումարը հատկացվել է 15 մարզական ֆեդերացիայի:
«Ֆեդերացիներին երբևէ չի տրամադրվել այսչափ օժանդակություն՝ մարզիկներին վիտամիններով և չարգելված նյութերով ապահովելու համար»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը և հավելել, որ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի առանձնացված մասնաշենք՝ մարզիկների բժշկական սպասարկման համար:
«ՀՀ հավաքականների բոլոր ներկայացուցիչները կենտրոնում կստանան անվճար բժշկական խորհրդատվություն, պատշաճ մակարդակով կկազմակերպվեն բոլոր բուժումները։ Կենտրոնի՝ ժամանակակից սարքավորումներով համալրումն ընթացքի մեջ է: Վիրահատական միջամտությունների անհրաժեշտության դեպքում կտրամադրվի ուղեգիր, որով մարզիկներն անվճար վիրահատության կենթարկվեն համապատասխան բուժհաստատություններում»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
ՀՀ հավաքական թիմերի մարզիկները կստանան նաև հոգեբանական աջակցության ծառայություններ։ Հոգեբանության ժամանակակից մեթոդների և աջակցության հնարավորությունների կիրառման միջոցով կապահովվի մարզիկների բարենպաստ ու կայուն ֆունկցիոնալ վիճակը՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելու պահանջներին համապատասխան: Նախատեսվում է այս տարի ծրագիրն իրականացնել մինչև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ավարտը, իսկ հաջորդող տարիներին դրա շարունակականությունը կապահովվի ոլորտին տրվող ընդհանուր հատկացումների շրջանակում:
Մարզական ենթակառուցվածքներ
Խոսելով հանրապետության մարզադպրոցների ներկայիս պայմանների և խնդիրների մասին՝ ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել վերջերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերին. Կարեն Գիլոյանը և ԿԳՄՍՆ աշխատակիցները ցուցակագրել են խնդիրները՝ դրանք լուծելու և զարգացման ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:
«Այցերի ընթացքում քննարկումներ ենք ունեցել մարզիչների և մարզիկների հետ, որոնց արդյունքում հստակ պատկերացում ենք կազմել առաջիկա անելիքների վերաբերյալ: 2022 թվականին նախատեսել ենք շուրջ 500 մլն դրամ արժողությամբ գույքային ծրագիր: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մարզադպրոցները չեն կարող այդքան սպասել, ուստի առաջիկա օրերին հաստատություններ կուղարկենք այն, ինչ այս պահին ունենք, իսկ արդեն հաջորդ տարի կիրականացնենք նշված ծրագիրը՝ գույքը բաշխելով ըստ պահանջի և կարևորության»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Փոխնախարարն անդրադարձել է նախարարության ենթակայության ներքո գտնվող և համայնքային ենթակայության մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերի տարբերությանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է Կառավարության որոշման նախագիծ, որի հաստատման դեպքում կկատարվի համահավասարեցում, և մարզիչները կստանան նույնպիսի վարձատրություն: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում մարզիչներին սոցիալական փաթեթ տրամադրելու ուղղությամբ:
Քննարկման փուլում է նաև Բարձրագույն վարպետության դպրոցի վերաբացման հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այն երիտասարդական տարիքից դուրս եկած մարզիկներին հնարավորություն կտա օրինական գրանցվել, իսկ նրանց մարզիչները կստանան աշխատավարձ:
Մարզական ենթակառուցվածքների զարգացման համատեքստում Կարեն Գիլոյանը խոսել է Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքների առաջիկա մեկնարկի մասին. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ:
Միջազգային կապեր և մրցաշարեր
«Հայաստանը պետք է պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք չպետք է դուրս մնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ պետք է դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ: Այդ ուղղությամբ ևս իրականացվում է նպատակաուղղված աշխատանք»,- փաստել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ անդրադառնալով միջազգային կապերի հաստատման և ամրապնդման թեմային:
Կարեն Գիլոյանը նշել է, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Քսենիա Մաշկովայի հետ և քննարկել սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Առաջիկայում նախատեսվում է Քսենիա Մաշկովայի այցը Երևան, որի ընթացքում կկնքվի համագործակցության համաձայնագիր:
Բացի դրանից՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչի, փոխնախագահ Միխայիլ Մամիաշվիլու և մրցավարական հանձնաժողովի նախագահ Անտոնիո Սիլվեստրի հետ՝ քննարկելով համագործակցության հնարավոր տարբերակները:
Միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին մտադրությունների նամակ, ինչը ևս, ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ, նշանակալի քայլ է:
Կարևորելով միջազգային խոշորագույն մրցաշարերում հայ մասնագետների ներգրավվածությունը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցավար Փաշիկ Ալավերդյանը և ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Օլիմպիական խաղերի մրցավարների ցանկում:
Պատասխանելով ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցին՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ այս ձմեռվանից հանրապետության մի շարք դպրոցներում կիրականացվի «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը, և ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը կփոխարինվեն դահուկային պատրաստության դասերով: Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ դա կարևոր քայլ է մարզաձևի մասսայականացման և զարգացման համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել նաև սպորտային վաշտի վերաբացման հարցին: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
«Սպորտային վաշտը մարզաշխարհից չհեռանալու հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարողանում համապատասխան առաջնություններում անհրաժեշտ տեղեր զբաղեցնել և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց և, մասնագետների հավաստմամբ, ունեն որակներ հետագայում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ կատարվել է լրացում: Նախկինում որոշման մեջ նշված չէր, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում էին որոշակի պահումներով: ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ՝ կատարվել է համապատասխան լրացում: