ՀՀ կառավարության մայիսի 20-ի նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Մանկապարտեզները կկառուցվեն մարզային հետևյալ բնակավայրերում.

Արմավիրի մարզում` 5 մսուր-մանկապարտեզ

Գետաշեն համայնք
Նորավան համայնք
Փշատավան համայնք
Լենուղի համայնք
Այգեվան համայնք

Լոռու մարզում` 3 մսուր-մանկապարտեզ

Գոգարան համայնք
Լեռնավան համայնք
Լուսաղբյուր համայնք

Կոտայքի մարզում` 1 մսուր-մանկապարտեզ

Պտղնի համայնք

Շիրակի մարզում` 1 մսուր-մանկապարտեզ

Արևշատ համայնք

Հիշեցնենք, որ մինչ այդ Կառավարության մայիսի 6-ի և մայիսի 13-ի նիստերում գումար էր հատկացվել 144 տեղ հզորությամբ մոդուլային 10 մսուր-մանկապարտեզի և մինչև 100 սովորողի համար նախատեսված մոդուլային 20 դպրոցի կառուցման համար:

Անդրադառնալով ընդունված որոշմանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է:

«Նախօրեին քննարկված ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով դպրոցաշինության և մանկապարտեզաշինության լայնածավալ աշխատաքներ են նախատեսված»,- փաստել է նա` ավելացնելով, որ կառուցումից հետո մոդուլային մսուր-մանկապարտեզների բնականոն գործունեության ապահովման պարտավորությունը կդրվի համայնքների վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նախադպրոցական կրթության համակարգում աշխատող մանկավարժների վարձատրության ավելացման ուղղությամբ` ատեստավորման և մասնագիտական որակավորման բարելավման ճանապարհով: