Այս տարի Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիան, որն անցկացվում է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո, նշվում է նույն օրը՝ մայիսի 18-ին:

Օրվա խորհրդի համաձայն՝ 100-ամյա պատմություն ունեցող Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» ակցիային: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

Շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ թանգարանների ոլորտը ամենանվիրյալ մարդկանց ոլորտն է:

«Խոնարհումի և հարգանքի են արժանի մեր մասնագետների կատարած աշխատանքը, երբ մենք համադրում ենք այն ռեսուրսները, որոնք տրամադրված են թանգարանային հաստատություններին, և տեսնում ենք թանգարանային կառույցների գործունեությունը, վերջին շրջանում գրանցած հաջողություններն ու ակտիվությունը, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ վերջին երկու տարիներին հսկայական փորձության և փորձառության ժամանակահատված էր ինչպես ժամանակակից արվեստի, այնպես էլ թանգարանային հաստատությունների համար: Համավարակով պայմանավորված սահմանափակումներն ունեցել են ոչ միայն բացասական, այլև դրական միտումներ. քաղաքացիների, արվեստասեր հանրության կապը ոլորտի ներկայացուցիչներն ապահովել են թանգարանների պաշտոնական կայքերի, սոցիալական հարթակների միջոցով՝ աննախադեպ նյութերի հրապարակումների և դիտումների քանակով:

Արա Խզմալյանը խոսել է նաև տարվա հոբելյանների մասին՝ նշելով, որ պատահական չէ՝ այսօր ասուլիսին ներկա են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանզի 2021 թվականին լրանում է այդ կարևորագույն կառույցների 100-ամյակները:

«Այս երկու թանգարանները, իսկապես, մեր մշակութային անձնագրերն են: Գրականության և արվեստի թանգարանը մեր նոր Մատենադարանն է, որովհետև անգնահատելի և աներևակայելի են այն արժեքները, որոնք պահպանվում են թանգարանի պահոցներում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակի շրջանակում այս տարի կիրականացվի միջազգային համաժողով՝ «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին կմասնակցեն նաև կտավի վերականգնման մասնագետներ: Այս տարի նշում ենք նաև Ա. Սպենդիարյանի 150-ամյակը, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում»,- ասել է նախարարի տեղակալը և կարևորել թանգարանների կրթական միջավայրի ստեղծումն ու իրականացվող ծրագրերը:

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև ոլորտի խնդիրներին և ցավով տեղեկացրել, որ ցուցադրական տարածքների բացակայության պատճառով մեր արժեքներն առավել լայն ծավալներով ներկայացնելու խնդիր ունենք: Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ առաջիկայում որոշ շեշտադրումներ կարվեն նաև ֆինանսական վերաբաշխումների տրամաբանության համատեքստում՝ առաջնահերթ դարձնելով մշակութային արժեքների պահպանումն ու հանրայնացումը:

Նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, շնորհավորելով թանգարանների ոլորտի մասնագետներին և թանգարանասեր հանրությանը, նշել է, որ Թանգարանների միջազգային օրն առիթ է նաև անդրադառնալու այն ազգանվեր գործունեությանը, որն իրականացնում են ոլորտի ներկայացուցիչները:

«Հայաստանը շուրջ երկու տասնամյակ է՝ նշում է թանգարանային ոլորտի մասնագիտական այս գեղեցիկ տոնը: Այս տարի ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո անվճար հիմունքներով կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ ծրագրերը կիրականացվեն նաև առցանց»,- տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:

«Իհարկե թանգարանների առաքելության շրջանակները բավականին ընդլայնվել և հպարտություն ներշնչող մեր բազմադարյա ժառանգությունը հանրությանը ներկայացնելու եղանակները կատարելագործվել են: Համեմատելով համավարակից առաջ ունեցած ժամանակաշրջանի հետ՝ այցելուների հոսքերի կորուստ չենք ունեցել, ինչը նշանակում է՝ մեր հանրությունը սիրում է իր մշակութային ժառանգությունը, և հետաքրքրասիրությունն ու վստահությունը չեն պակասել նրանց շրջանում»,- նշել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ շնորհավորելով թանգարանային ոլորտի ներկայացուցիչներին և մաղթելով երկար տարիների բեղմնավոր և ստեղծագործական գործունեություն:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս շնորհավորել է թանգարանային ոլորտի ներկայացուցիչներին և այցելուներին՝ ասելով, որ իրենց թանգարանը միացել է այս տարվա՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրին՝ ցուցադրությամբ շեշտադրելով վերականգնման բաղադրիչը:

«Մեզ համար շատ կարևոր է մշակութային արժեքների, ժառանգության վերականգնման, պահպանման, վերաիմաստավորման միտումը, և մենք պետք է միավորվենք հենց այս ուղղությամբ: Այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի շրջանակում որոշել ենք առավելագույնս բացվել այցելուների համար՝ բացելով բոլոր ֆոնդապահոցները և բաժինները, պարբերաբար այցելուներին ներկայացնելով մեր լավագույն վերականգնված աշխատանքները: Այս համատեքստում այսօր մեկնարկել է մի նախագիծ՝ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» խորագրի ներքո, որը ներկայացնում է վերականգնված ցուցանմուշի ցուցադրություն և պատմություն: Առաջին ցուցադրությունը վերաբերում է 20-րդ դարի խոշորագույն վարպետներին՝ Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան»,- տեղեկացրել է պատկերասրահի տնօրենը և բոլորին հրավիրել վայելելու այդ բացառիկ ցուցադրությունը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի ու մշակույթի բնագավառում երկարամյա գործունեության համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով, պատվոգրով և շնորհակալագրով: