ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանը» ծրագրի արդյունքները։

Ծրագիրն իրականացվել է՝ համաձայն 2019 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան միջև կնքված պայմանագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և գործընկեր կազմակերպությունների՝ «Կարիտաս»-ի և «Քայլ առ քայլ»-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Յուրի Օկսամիտնին, համագործակցող կողմերի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Ա. Բաղդասարյանը նախարարության անունից բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը: Նա հատկապես կարևորել է Կառավարության բարեփոխումների փաթեթում նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների մոդելի ներդրումը, որը հնարավորություն է տալիս հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորելու նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնց գործունեության արդյունքում կաճի նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների համար ապահովելով մատչելիություն, ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Նա կոչ է արել դիմել դրամաշնորհային ծրագրին և զարգացնել համայնքների նախադպրոցական կրթությունը՝ այլընտրանքային մոդելի ներդրմամբ:

Ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թ. ապրիլին և պետք է ավարտվեին 18 ամսում, սակայն համավարակով պայմանավորված՝ կյանքի է կոչվել 2 տարվա ընթացքում:

Ծրագրի արդյունքում իրականացվել է համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում: Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների սոցիալական ներառմանը, միջոլորտային համագործակցությանը և մասնագետների կարողությունների զարգացմանը, ընդլայնել նախադպրոցական ծառայությունների շրջանակը, իրազեկել ԿԱՊԿՈՒ երեխաների խնդիրների մասին։

Միջոցառումը տեղի է ունեցել Ամասիա համայնքի «Նանե» մանկապարտեզում, որտեղ տնօրեն Վահան Դավթյանն ամփոփել է ծրագրի արդյունքները: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում վերանորոգվել է մանկապարտեզը, ձեռք է բերվել գույքի մի մասը, իրականացվել են մասնագիտական վերապատրաստում, ծնողավարման դասընթացներ, ԿԱՊԿՈՒ երեխաների հետ նեղ մասնագիտական աշխատանքներ:

Համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցող կողմերին, ընդգծել է, որ բացի Ամասիա համայնքից՝ նախադպրոցական հաստատություն հաճախելու հնարավորություն են ստացել նաև 3 այլ համայնքների երեխաները:

«Չնայած մեր համայնքը հեռու է և ցուրտ, բայց մեր բնակիչները տաք սրտով մարդիկ են և միշտ շնորհակալ՝ արված գործի համար»,- ասել է համայնքապետը։

Նշենք, որ կողմերը ներկա են եղել նաև Գտաշեն համայնքի դպրոցի շենքում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայության» բացման արարողությանը, որտեղ կհաճախի 9 երեխա: