ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների, թանգարանների, գրադարանների ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Հանդիպման նպատակն է հնարավորություն ընձեռել մասնագիտական ոլորտին, քաղաքացիներին ստույգ տեղեկատվություն ստանալու պատվաստման ընթացակարգերի, հետևանքների, առավելությունների և ռիսկերի վերաբերյալ՝ անմիջապես ոլորտը ղեկավարող պաշտոնատար անձանցից: Ակնհայտ է, որ հանրության շրջանում առկա է որոշակի անվստահություն պատվաստումների հանդեպ, որը կապվում է ոչ թե վիճակագրական տվյալների, այլ դրվագային իմացության հետ, քանի որ շատ հաճախ քաղաքացիները պատվաստումների վերաբերյալ տեղեկությունները ստանում են առօրյա զրույցներից, լրատվական դրվագային տեղեկատվությունից»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ հանդիպումը միտված է լիարժեք տեղեկատվության տրամադրմանը:

Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դինամիկան, ինչպես նաև պատվաստումային գործընթացների վերաբերյալ մի շարք մանրամասներ։

«Համավարակի սկզբից ամբողջ աշխարհը սպասում էր, որ կստեղծվի որևէ դեղամիջոց, որը թույլ կտա վերադառնալ բնականոն կյանքին և հաղթահարել հիվանդության թողած ծանր հետևանքները։ Այժմ ունենք գիտնականների կողմից ստեղծված պատվաստանյութեր, որոնք կարող են թեթևացնել կորոնավիրուսային հիվանդության ծանր հետևանքներն ու կանխարգելել դրա լայն տարածումը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է համավարակի և պատվաստումների վերաբերյալ ներկաների հարցերին: COVID-19-ի դեմ արդեն իսկ պատվաստված մշակութային գործիչներն էլ իրենց գործընկերներին պատրաստակամորեն ներկայացրել են հետպատվաստումային սեփական փորձն ու խոսել պատվաստումների կարևորության մասին: