ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:
Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո` թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:
Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը: