Կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը: Որոշումն ընդունվել է գործադիրի՝ մայիսի 13-ին կայացած նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայն ընդունված որոշման` 2022 թվականից կսահմանվի գիտական աշխատողների վարձատրության աշխատավարձի սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական բարձրացում: Նպատակը գիտնականների պատշաճ վարձատրության, ինչպես նաև դեպի գիտության ոլորտ երիտասարդների հոսքի համար բարենպաստ միջավայրի ապահովումն է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսով գործարկվում է գիտնականների աշխատավարձերի վճարման նոր մեխանիզմ: Աշխատավարձի բարձրացման հիմքում դրվելու է գիտնականների ատեստավորումը, որի ընթացակարգն առաջիկայում կմշակվի:

Գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի 66 հազար 140 դրամ, որի նկատմամբ կիրառելով համապատասխան գործակիցներ` տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով կհաշվարկվի գիտական աշխատողների աշխատավարձը: Ըստ այդմ՝ գիտական պաշտոնների համար սահմանվում են հետևյալ գործակիցները՝ ըստ տարիների.

Եթե 2021 թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025 թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ:

Նշենք, որ 2010 թվականից ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձի վերանայում տեղի չի ունեցել: Նոր սանդղակի կիրառման արդյունքում, եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 հազար 400 դրամ է, փոփոխությունից հետո՝ 2025 թ.-ին, կկազմի մոտ 276 հազար դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141 հազար 400 դրամի փոխարեն 2025 թ.-ին կկազմի 477 հազար 200 դրամ։

Արդեն գալիք տարվանից գիտաշխատողի միջին աշխատավարձը կրկնակի կավելանա: Ընդ որում՝ վերոնշյալ սանդղակը վերաբերում է միայն բազային աշխատավարձին: Գիտնականը կարող է նաև հավելյալ եկամուտ ստանալ թեմատիկ ֆինանսավորման շրջանակում` համապատասխան գիտական ծրագրերում ընդգրկվելու դեպքում: