ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ն անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը անդրադարձել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի և դասական երաժշտության տարածմանն ու հանրահռչակմանը։

«Մեծ թվով կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են մայիսի 4-ից մեկնարկած «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի ընթացքում։ Շուրջ 8 տարի առաջ հնչեցված Ջոն Տեր-Թադևոսյանի արդեն թվային նոտաներով ստեղծագործությունը հնչել է այս տարվա փառատոնի բացմանը։ Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին, բայց այս տարին հոբելյանաշատ է, քանի որ 2021 թվականին լրանում են Ալեքսանդր Սպենդիարյանի 150, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյակները, Ջոն Տեր-Թադևոսյանի 95 և մեր ժամանակակիցներ Միխայիլ Կոկժաևի 75, Երվանդ Երկանյանի 70-ամյակները»,- նշել է Սարգիս Բալբաբյանը և հավելել, որ փառատոնի նպատակն է ներկայացնել կոմպոզիտորների ստեղծագործությունները, հնչեցնել դրանք՝ աուդիո, վիդիո տարբերակով, տեսագրել և հանրահռչակել ունկնդիրների լայն շրջանակներում՝ Հայաստանում և արտերկրում։

Տնօրենի խոսքով՝ կատարվում են նոտաների թվայնացում, պահպանում և հետագա տարածում մենակատարների, կատարողների և նվագախմբերի շրջանում։ Կարևոր տեղ է հատկացվում նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցմանը և տարածմանը։

«Նախորդ 12 տարիների ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 100- ստեղծագործություններ: Չնայած հսկայական աշխատանքին, դեռ անելու շատ բան կա, քանի որ հայ կոմպոզիտորների ժառանգությունը մեծ է: Բազում ստեղծագործություններ, որոնք իսկապես մեծ արժեք են ներկայացնում, ունեն մեծ աշխատանքի կարիք այդ բոլոր նոտաները ձեռագրից պետք է հասցվեն թվային մակարդակի»,- շեշտել է Սարգիս Բալբաբյանը և տեղեկացրել, որ բոլոր այն ստեղծագործությունները, որոնք հնչում են փառատոնի ընթացքում, կամերային և սիմֆոնիկ համերգներ են:

«Այդ ստեղծագործությունների ձայնագրությունները պահպանվում են նվագախմբի արխիվում և բերվում են ավարտական տեսքի։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով ձայնագրությունները տեղադրվում են տարբեր մեդիա հարթակներում։ Այդպիսով ստեղծվում է մեծ թվային գրադարան, որն անընդհատ թարմացվում է։ Նվագախումբը ստեղծում է «digital armsimfoni» հավելվածը, որն արդեն ավարտական փուլում է, այնտեղ գրանցվելուց հետո մարդիկ կարող են լսել ամբողջ արխիվում առկա ստեղծագործությունները»,- կարևորել է ՀՊՍՆ-ի տնօրենը և ուրախությամբ տեղեկացրել, որ արտերկրից փառատոնին մասնակցելու են նաև դիրիժոր Վահան Պապյանը և ջութակահար Հայկ Կազազյանը։ Նրանք մշտապես անդրադառնում են ինչպես 20-րդ դարի հայ դասական կոմպոզիտորների, այլև ժամանակակիցների ստեղծագործություններին։

Խոսելով դասական երաժշտության տարածման մասին՝ Սարգիս Բալբաբյանն արձանագրել է, որ այն Հայաստանում ամենուր է. «Մենք ունենք շատ նվագախմբեր, երաժշտական կոլեկտիվներ, որոնք բոլոր համերգասրահներում դասական երաժշտության համերգներ են տալիս, ինչը կարևոր է մեր հանրությանը դեպի դասական երաժշտություն ուղղորդելու գործում։ Դրան են նպաստում այն բոլոր կրթական ծրագրերը, որոնք իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Հանրամատչելի երաժշտության միջոցով մարդկանց բերելով դասական երաժշտության համերգներին՝ տարեցտարի աճում և երիտասարդանում է լսարանը»։