Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը (ԱՀՈՒ) մեծ ներուժ ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից: Փաստերը վկայում են, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԱՀՈՒ համակարգ ունեցող երկրներն ունեն երիտասարդների գործազրկության ցածր մակարդակ: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգը և 2019-2025 թթ. գործողությունների ցանկը», որը հավանության է արժանացել ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում:

ԱՀՈՒ քաղաքականության ռազմավարական զարգացումները, այդ համակարգի հետագա հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև ԱՀՈՒ ծրագրերի ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով տեղի է ունեցել առցանց աշխատաժողով, որը նախագահել է Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու Քրիստինա Բուրզիոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒ ոլորտի մշտական և հուսալի գործընկերներին՝ Եվրոպական կրթական հիմնադրամին և ԵՄ հայաստանյան գրասենյակին:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք քննարկել թե՛ մեր անցած ճանապարհը, թե՛ հետագա քայլերն ու անելիքները, իսկ անցած ճանապարհը փոքր չէ. վերջին տարիներին այն համատեղ աշխատանքը, որն իրականացվել է ԱՀՈՒ փորձարկման և ներդրման առումով, մեզ հնարավորություն է տալիս անցնել զարգացման հաջորդ փուլերին: Ունենք մի շարք ՄԿՈՒ հաստատություններ, որտեղ հաջողությամբ փորձարկվել են ԱՀՈՒ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, և այն մեզ հիմք է տալիս՝ այդ փորձը տարածել այլ ուսումնարաններում և քոլեջներում»,- նշել է փոխնախարարը՝ այդ համատեքստում կարևորելով ԱՀՈՒ ներդրման փաստաթղթերը՝ «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերը, որոնք մշակվել են ԵԿՀ-ի փորձագիտական աջակցությամբ և հավանության արժանացել ՄԿՈՒԶԱԽ-ի խորհրդում: Ըստ նախարարի տեղակալի՝ քննարկվում է այդ փաստաթղթերի հիման վրա գործողությունների պլան և ճանապարհային քարտեզ ունենալու հարցը:

«Սրան մեծապես նպաստում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքը, որի արդյունքում օրենքի և ենթաօրենսդրական մակարդակում կսահմանվեն ԱՀՈՒ-ի համար նպաստավոր պայմաններ: Այս գործընթացում կարևոր է նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը՝ նոր բիզնես գործընկերներ գտնելու համատեքստում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է նույն տեմպով շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ ՄԿՈՒ ոլորտի որակական փոփոխությունների և շրջանավարտների գործնական հմտությունների զարգացման:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանի խոսքով՝ Եվրոպական միությունը բյուջետային աջակցության ծրագրերով շարունակական օգնություն է տրամադրել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը: Նա կարևորել է այդ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համակարգի ներդրումը՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման տեսանկյունից: ԵՄ ներկայացուցիչն անդրադարձել է նաև երիտասարդների որակավորումների բարձրացման խնդրին:

Եվրոպական կրթական հիմնադրամի Գիտելիքի կենտրոնի ղեկավար Խավիեր Մատեու դե Կորտադան իր հերթին կարևորել է այն փաստը, որ Հայաստանը ՄԿՈՒ հաստատություններում քայլ առ քայլ է ներդնում ԱՀՈՒ-ն, որը, ըստ ԵԿՀ-ի ներկայացուցչի, ճիշտ մոտեցում է: Նա նաև ողջունել է այդ գործընթացում մեծ թվով գործընկերների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ ԱՀՈՒ-ն իր զարգացումը կապրի մեր երկրում:

ՀՀ ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրել է ՄԿՈՒ և ԱՀՈՒ ոլորտների վերջին զարգացումները: Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը 2 տարի առաջ մշակել է ԱՀՈՒ հայեցակարգը և ճանապարհային քարտեզը: Այն առաջինը գյուղատնտեսական մասնագիտությունների գծով փորձարկվել է երեք ուսհաստատություններում, որին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն: «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ մշակվել են մոտ մեկ տասնյակ կարճաժամկետ ծրագրեր, իսկ չեխական «People in Need» կազմակերպության հետ Շիրակի մարզի 4 ուսհաստատություններում փորձարկվելու են ԱՀՈՒ ձևաչափով ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման ծրագրեր: Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի ՄԿՈՒ ոլորտում ԱՀՈՒ-ն դարձնել ծրագրային հիմնական բաղկացուցիչ մաս, ինչպես նաև մշակել համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ:

«Դանդաղ, բայց կայուն քայլերով ԱՀՈՒ-ն մտնում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտ, որն ամենակարևոր ձևաչափն է՝ մեր շրջանավարտներին որակյալ կրթություն տալու և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու առումով»,- ասել է Արտակ Աղբալյանը:

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատման և աշկերտության/դուալ կրթության խրախուսման միջոցների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ԵԿՀ ազգային փորձագետ Արայիկ Նավոյանը:

Աշխատաժողովի ընթացքում մյուս գործընկեր կազմակերպությունները ևս ներկայացրել են իրենց ծրագրերը՝ ԱՀՈՒ և դուալ կրթության պիլոտային ներդրման փորձառության և աշկերտության միջոցով կրթությունից աշխատանքի անցման շվեյցարական փորձի վերաբերյալ: