ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մայիսի 10-ին կազմակերպել է «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով «Գլոբալ Կամպուս» միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովին բացման խոսքով առցանց հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին և գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը՝ նա հատկապես ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը երեխաների ու մարդկության հետագա կենսագործունեության վրա առաջնահերթ քննարկելու կարևոր թեմաներից են։ Բանն այն է, որ այդ համատեքստում կուտակվող գիտելիքն ու փորձառությունը միտված են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և մոլորակը պահպանելուն:

Ժ. Անդրեասյանը փաստել է նաև, որ կլիմայի փոփոխության թեման ներառված է հանրակրթական պետական չափորոշիչներում. «Ընդհանրապես հանրակրթության պետական չափորոշիչներում առանձնահատուկ ընդգծվում են կլիմայի փոփոխության և դրա վերաբերյալ գիտելիքի, կարողությունների դերը դպրոցում, դրա ուսուցանումը, իրազեկվածության բարձրացումը: Այս ուղղությամբ քայլերը նոր չեն, բազմաթիվ նախաձեռնություններ ունենք, որ իրականացնում ենք մեր գործընկերների հետ: Մասնավորապես ցանկանում եմ նշել մի կարևոր համագործակցության մասին, որ իրականացրել ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ՝ սկսած 2017 թ-ից: Դա «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրն էր, որը տարածաշրջանային կարևոր ծրագրի մաս էր և իրականացվում էր մի շարք երկրներում: Ունեցել ենք զգալի արդյունքներ, օրինակ՝ «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի հավաքածուն՝ 2-12-րդ դասարանների աշակերտների համար»:

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ա. Իսրայելյանը ևս շնորհավորել է գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ՝ արժևորելով ներկա և հատկապես ապագա սերունդների բնապահպանական անվտանգության հարցերի քննարկումը, քանի որ կլիմայի փոփոխությունը դիտարկվում է որպես երեխաների առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկը:

Գիտաժողովին մասնակցել են «Գլոբալ Կամպուս» յոթ տարածաշրջանային ծրագրերի և միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետներն ու ուսանողները: Հատուկ զեկույցներով հանդես են եկել Right for Livelihood Award-ի դափնեկիր Ննիմո Բասեն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով հատուկ զեկուցող Դեյվիդ Բոյդը՝ «Առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրացման հաջող փորձառությունը երեխայակենտրոն մոտեցման համատեքստում» թեմայով: Հետխորհրդային տարածաշրջանի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել պանելային քննարկում «Կլիմայի փոփոխությունը երեխաների իրավունքների համատեքստում»: