Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր կայացել է «ՌՕՔԵՄՓ կենտրոնի արդյունքները. շնորհանդես, հավաստագրերի հանձնում» ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են կենտրոնի գիտահետազոտական, հրատարակչական գործունեության, մասնագիտական փորձի փոխանակման և մասնագիտական ցանցերի ստեղծման նպատակով իրականացված նախաձեռնություններն ու կենտրոնի հեռանկարային ծրագրերը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիզին:

Խոսելով մշակութային ժառանգության առաջնահերթ և խնդրահարույց ոլորտներից մեկի՝ մշակութային արժեքների պահպանման և վերականգնման ոլորտի կարևորության մասին, Արա Խզմալյանը նշել է, որ անելիքները շատ են, ինչպես մասնագիտական առումով, այնպես էլ՝ ֆինանսական: «Մեր ահռելի մշակութային ժառանգությունը լիարժեք պահպանելու տեսակետից պետական միջոցները բնականաբար բավարար չեն, ուստի այս ոլորտում չափազանց կարևոր է միջազգային համագործակցությունը և նման կառույցների աշխատանքը՝ ինչպիսին է «Հայ-իտալական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնը»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գործընկեր կառույցներին՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, Բոլոնիայի համալսարանին և Համագործակցության զարգացման իտալական գործակալությանն այս կարևոր ոլորտում ունեցած համագործակցության համար:

««ՌՕՔԵՄՓ»-ը՝ որպես Հայաստանի մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանության գիտահետազոտական և խորհրդատվական կառույց, մեծ աշխատանք է իրականացնում ոլորտում: Առաջիկա անելիքների և ուղղությունների վերաբերյալ, կենտրոնի տնօրենի՝ Անի Ավագյանի հետ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, որոնց արդյունքում որոշվել է, որ կենտրոնը պետք է զբաղվի միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմամբ, վերապատրաստումների, տարբեր կառույցներում պահպանվող մշակութային արժեքների վերաբերյալ միասնական մշտադիտարկման համակարգի մշակմամբ: Ըստ էության՝ մենք ակնկալում ենք, որ ազգային պատկերասրահի կազմում գործող այս կառույցը իրականացնի պետական քաղաքականության գույքագրման և գործիքակազմի գործառույթ»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել կենտրոնի տնօրեն Անի Ավագյանին ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

Միջոցառման ընթացում տեղի է ունեցել նաև կենտրոնի կողմից հրատարակված «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովի նյութերի ժողովածուի և ամրակայող-վերականգնող կազմակերպությունների «Ամրակայում-վերականգնում մասնագիտության համար պահանջվող որակավորումների» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այնուհետև, հավաստագրեր են հանձնվել «ՌՕՔԵՄՓ 2020. մշակութային ժառանգության փորձագետների դասընթացի» մասնակիցներին, ինչը, COVID-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել էր:

Նշենք, որ 2019 թ. մայիսին Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության բաժինը (Իտալիա) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համագործակցության զարգացման իտալական գործակալության (AICS) աջակցությամբ նախաձեռնել են ՌՕՔԵՄՓ նախագիծը՝ «Մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանության տարածաշրջանային կենտրոնի» ստեղծումամբ՝ որպես Հայաստանի մշակութային ժառանգության արժևորման, կառավարման և պահպանության գիտահետազոտական և խորհրդատվական կառույց։


2020 թվականին կենտրոնը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է մի շարք ծրագրեր՝ գիտաժողովներ, մասնագիտական փորձի փոխանակման քննարկումներ, դասընթացներ, մշակութային ժառանգության ոլորտի օրենսդրական դաշտի և մասնագետների պատրաստման գործող մեխանիզմների հետազոտություն, մասնագիտական գրականության թարգմանություն և այլն։